Դոհայում կայացել է ընթացիկ մրցաշրջանի Ադամանդե լիգայի առաջին փուլը: Գրանցվել են մի շարք բարձր արդյունքներ: 100 մետր մրցավազքում հաղթանակ է տոնել 33-ամյա ամերիկացի Ջաստին Գատլինը` ցույց տալով 9,74 վայրկյան արդյունք: Նկատենք, որ նրանից ավելի արագ աշխարհում վազել է ընդամենը չորս մարդ` ՈՒսեին Բոլտը, Թայսոն Գեյը, Յոհան Բլեյքն ու Ասաֆա Պաուելը: Սա, ըստ էության, հեռամարտահրավեր է աշխարհի ամենաարագավազ աթլետին` վերջին վեց տարիների աշխարհի թիվ մեկ վազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն, գործող ռեկորդի հեղինակ Բոլտին, ով անցած մրցաշրջանը մարզումային ռեժիմով անցկացնելուց հետո (բուժում էր վնասվածքները) մինչև այժմ մեկ մրցում է ունեցել, այն էլ ավելի շատ շոուի բնույթ կրող և ցույց տվել 10,12 վայրկյան (մեծ մրցաշրջանը ճամայկացու համար կսկսվի մայիսի 26-ին Օստրավայում կայանալիք մրցումներով):
Ինչ վերաբերում է մյուս նշանակալի արդյունքներին, դրանց հեղինակներն են լեգենդար Էլիսոն Ֆելիքսը (200 մետր վազքատարածք` 21,98 վրկ.), Բերշոն Ջեքսոնը (400 մետր վազքատարածք` 48,09 վրկ.), Տիանա Բարտոլետան (հեռացատկ` 6,99 մ), Ագոս Գեբրիվետը (3000 մետր վազքատարածք` 7.38,08 վրկ.), Քրիստիան Թեյլորը (եռացատկ` 18,06 մ): Սրանք բոլորն էլ ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքներն են: Ի դեպ, եռացատկում նշենք նաև Պեդրո Պաբլո Ռիչարդոյի ցուցանիշը` 18,04 մետր:
Ներկայացնենք ընթացիկ մրցաշրջանում կայանալիք Ադամանդե լիգայի գրաֆիկը`
29 մայիսի -Յուջին (ԱՄՆ),
4 հունիսի -Հռոմ (Իտալիա),
7 հունիսի -Բիրմինգհեմ (Մեծ Բրիտանիա),
13 հունիսի -Նյու Յորք (ԱՄՆ),
4 հուլիսի -Փարիզ (Ֆրանսիա),
9 հուլիսի -Լոզան (Շվեյցարիա),
17 հուլիսի -Մոնակո (Մոնակո),
24-25 հուլիսի -Լոնդոն (Մեծ Բրիտանիա),
30 հուլիսի -Ստոկհոլմ (Շվեդիա),
11 սեպտեմբերի -Բրյուսել (Բելգիա):
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ